Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՌԴ նախագահները Սանկտ Պետերբուրգի համաժողովում՝ տարեցտարի

ՌԴ նախագահները Սանկտ Պետերբուրգի համաժողովում՝ տարեցտարի
04.06.2017 | 13:51

BBC-ին համեմատել է Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի ելույթների սղագրությունները Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովում վերջին 12 տարիներին և պարզել է, որ նրանք խոսել են միևնույն խնդիրների մասին:


Պայքար կոռուպցիայի դեմ
Ռուսաստանյան տնտեսության մեջ դեռ լուծված չեն համակարգային շատ խնդիրներ: Նկատի ունեմ դեռ համեմատաբար բարձր ինֆլյացիան, տնտեսության մի քանի սեկտորների մոնոպոլացումը, բյուրոկրատական խոչընդոտները և, ցավոք, կոռուպցիան (Պուտին, 2006):
Մենք մեծ նշանակություն ենք տալիս վարչական արգելքների վերացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դա լուրջ չարիք է Ռուսաստանի համար (Մեդվեդև, 2008):
Խոսքերը, որ կոռուպցիան խեղդում է Ռուսաստանը, մշտապես են հնչում: Պատասխանն ակնհայտ է և պետք է սիմետրիկ լինի՝ պարանը կոռուպցիոներների պարանոցին պետք է մշտապես ու անդադար սեղմվի (Մեդվեդև, 2011):
Ընթացիկ խնդիրները, երբ ձեռներեցը բախվում է իր իրավունքների խախտման հետ, բյուրոկրատական ճնշման, կոռուպցիայի, վարչական արգելքների՝ պետք է լուծել արդեն այսօր (Պուտին, 2012):
Լուծելու ենք համակարգային խնդիրները, որ դեռ շատ են: Խոսքը թափանցիկությունը բարձրացնելու մասին է, պետական կառույցների և բիզնեսի հարաբերությունները հավասարեցնելո: Այդ հարաբերությունները պետք է կառուցվեն ըմբռնումի ու փոխադարձ պատասխանատվության հիմքի վրա, օրենքի խիստ կատարման, պետության ու հասարակության շահերի, մասնավոր սեփականության ինստիտուտի արժեքների նկատմամբ հարգանքի (Պուտին, 2016):


Բիզնես մթնոլորտի բարելավում
Պետական քաղաքականության առանցքային հարց մենք համարում ենք ոչ միայն բարենպաստ, այլև լիովին լավագույն, մրցակցային ներդրումային միջավայրի ստեղծումը: Այս տասնամյակի վերջին Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի քսան երկրներից մեկը առավել կոմֆորտային գործարար մթնոլորտով (Պուտին, 2012):
Մեզ համար կարևոր է նա, ով գործ է անում, նման մարդկանց համար մենք ձգտում ենք ստեղծել ոչ միայն լավ, այլև լավագույն պայմաններ աշխատանքի համար: Ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանում աշխատելը լինի հարմար, շահավետ և անվտանգ (Պուտին, 2013):
Ներդրողը չպիտի սպասի, աշխատանքի համար առավելագույն բարենպաստ պայմաններ նրան պետք են այսօր, այլ ոչ թե ինչ-որ ժամանակ ապագայում (Պուտին, 2014):
Մենք կմեծացնենք տնտեսական ազատությունները, դա առանցքային է, կապահովենք մրցունակ իրապաշտպանություն, կաշխատենք կադրերի ու կառավարման համակարգի բարելավման վրա (Պուտին, 2015):
Մենք կշարունակենք հետևողական աշխատանքը ռուսական տնտեսության մեջ ընդհանուր գործարար մթնոլորտի ձևավորման համար (Պուտին, 2016):


Տեխնոլոգիական ճեղքում
Այսօր շահում են այն երկրները, որ ի վիճակի են ապահովել սրընթաց առաջընթաց նորագույն տեխնոլոգիաների ոլորտում (Պուտին, 2005):
Ռուսաստանի ապագան մենք կապում ենք հատկապես իննովացիաների զարգացման «գիտելիքների տնտեսության» հետ (Պուտին, 2007):
Մենք բավականաչափ բարդ խնդիր ենք մեզ առաջադրել՝ ապահովել Ռուսաստանի անցումը զարգացման իննովացիոն մոդելի և 2020-ին տնտեսության ծավալով աշխարհի առաջատար երկրների հնգյակը մտնել (Մեդվեդև, 2008):
Մեր խնդիրը այսօր ինտելեկտուալ, եթե կուզեք, խելացի տնտեսության և համապատասխան հասարակության ստեղծումն է (Մեդվեդև, 2009):
Այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ ինչ-որ մեկի հետևից չընկնել, այլ նոր տեխնոլոգիական կառուցվածք ստեղծել (Մեդվեդև, 2011):
Ռուսաստանը պետք է իրեն դրսևորի իբրև իննովացիոն ապրանքների ու ծառայությունների արտահանող (Պուտին, 2012):
Ռուսաստանին պետք է իսկական տեխնոլոգիական հեղափոխություն, տեխնոլոգիական լուրջ նորացում, մենք պետք է անցկացնենք վերջին կես դարում ամենամեծ տեխնիկական վերազինումը մեր ձեռնարկություններում (Պուտին, 2014):
Ռուսական ընկերությունները պետք է առանցքային դիրքեր ունենան այն ոլորտներում ու այն շուկաներում, որտեղ որոշվում է տնտեսության բնույթը, մարդկանց կենսակերպը երկու-երեք տասնամյակ անց (Պուտին, 2015):


Տնտեսության մեջ պետության դերի նվազում
Մենք ոչինչ չենք ազգայնացնում: Մենք միայն մեկ տանիքի տակ ենք հավաքում այն, ինչ առանց այդ էլ պատկանում է պետությանը, բայց բաժանված է, մասնատված և արդյունավետ չի աշխատում ու չի դիմանում մեր հիմնական գործընկերների հետ մրցակցությանը (Պուտին, 2007):
Անցումը պետական սեփականության, նրա առավել արդյունավետ օգտագործումը տնտեսության հատվածների մեծամասնությունում պետք է դիտարկվի, հավանաբար, անխուսափելի, բայց հարցերի լուծման կարճաժամկետ միջոց (Մեդվեդև, 2009):
Մենք հիանալի հասկանում ենք, որ ժամանակակից տնտեսությունը հնարավոր չէ կառուցել վերևից ու հրամանով: Որքան էլ պետական ընկերություններ ունենանք, մոդեռնացումը նախ և առաջ անցկացվելու է մասնավոր բիզնեսի ուժերով (Մեդվեդև, 2010):
Ռուսական տնտեսության մեջ պետք է գերակայեն մասնավոր ձեռներեցությունն ու մասնավոր հատվածները, պետությունը պետք է պաշտպանի նրանց ընտրությունն ու սեփականությունը, ովքեր գիտակցաբար վտանգում են իրենց փողերն ու հեղինակությունը (Մեդվեդև, 2011):
Ազնիվ, արդար սեփականաշնորհումը, որ խզում է «սեփականություն և իշխանություն» կապը, իրական ու հզոր հակակոռուպցիոն միջոց է (Պուտին, 2012):
Անկախ ընկերության սեփականության իրավունքի, տնտեսության արտոնությունները շուկայական նորմալ տնտեսության մեջ անթույլատրելի են: Պետք է ստեղծել մրցակցային միջավայր ապրանքների ու ծառայությունների շուկայում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ընկերությունների համար (Պուտին, 2013):


Համաշխարհային տնտեսության ինտեգրում
Երբ առավել արդյունավետ դարձան զարգացման իննովացիոն ձևերը, երբ համաշխարհային տնտեսությունը, անկասկած, գլոբալ դարձավ, աբսուրդի հասած կղզիացվածությունը, սովետական պլանային տնտեսության պատեռնալիստական գաղափարը Խորհրդային Միությունը հասցրեց կոլապսի (Պուտին, 2005):
Ռուսական տնտեսությունն աստիճանաբար, բայց վստահ ինտեգրվում է համաշխարհային տնտեսությանը (Պուտին, 2007):
Գլոբալ տնտեսության պայմաններում հովանավորչությունը, ինչ նկատառումներով էլ բացատրվի, պրոբլեմները ներս գցելու, այլ ոչ դուրս հանելու միջոց է (Մեդվեդև, 2009):
Մենք հասկանում ենք, որ միջազգային մրցակցությունը մեր մոդեռնացման համար վճռական ազդակ է: Ջերմոցային պայմաններում լուրջ ոչինչ չի աճում (Մեդվեդև, 2010):
Բիզնեսմենները ասույթ ունեն՝ «Շուկաները, ինչպես պարաշյուտները, աշխատում են, երբ բաց են»: Մենք էլ առանց բաց տնտեսության շատ ցավոտ կընկնենք (Մեդվեդև, 2011):
Բացությունը, ինտեգրումն ու միջազգային տնտեսական գործընթացները մեր անկասկած ընտրությունն են (Պուտին, 2012):
Արտաքին սահմանափակումներին մենք պատասխանում ենք ոչ տնտեսության փակումով, մենք պատասխանում ենք ազատության ընդլայնումով, Ռուսաստանն ավելի բաց դարձնելով (Պուտին, 2015):


Հումքային կառուցվածքից հեռանալ
Բնական հարստությունների արդյունավետ օգտագործումը բոլորովին էլ բավարար պայման չէ տնտեսական կայուն աճի համար և նույնիսկ միայն շեղում է զարգացման առանցքային խնդիրների լուծումներից: Այդ պատճառով կարևորագույն նպատակներից մեկը մնում է տնտեսության կառուցվածքի փոփոխությունը: (Պուտին, 2005):
Մոտակա տասնամյակներում, դա մեր ծրագրերում է, Ռուսաստանը պետք է դառնա երկիր, որտեղ բարեկեցությունն ու քաղաքացիների կյանքի բարձր որակն ապահովվում են ոչ այնքան հումքային աղբյուրների շնորհիվ, որքան ինտելեկտուալ ռեսուրսներով (Մեդվեդև, 2010):
Չի կարելի ամբողջ ժամանակ հույս դնել նավթի բարձր գների վրա, առավել ևս դրանց մշտական աճի (Մեդվեդև, 2011):
Ավելացված արժեքի հիմնական մասը ստեղծվում է տնտեսության հումքային ճյուղերում: Մեծ է անմրցունակ, հին արտադրությունների մասնաբաժինը, պահպանվում է նավթի գնից Ռուսաստանի կախվածության բարձր մակարդակը (Պուտին, 2012):
Մենք պետք է արմատական և բավականաչափ սեղմ ժամկետում փոխենք արտահանման կառուցվածքը: Մենք նպատակ ենք դնում ամեն տարի մեծացնել ոչէներգետիկ ապրանքների ռուսական արտահանումը նվազագույնը 6 տոկոսով (Պուտին, 2014):
Մեր տնտեսական քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը տնտեսության դիվերսիֆիկացումն է: Այդ մասին մենք խոսում ենք վաղուց: Չեմ կարող ասել, որ մենք գործում ենք այդ ուղղությամբ չափազանց արդյունավետ, բայց մենք աշխատում ենք (Պուտին, 2016):


Արդար դատարանների ստեղծում
Խելամիտ թվով տարիներ հետո մենք ելակետ կունենանք, որ մեր դատական համակարգը նվազ արդյունավետ չէ, քան աշխարհի զարգացած երկրների մեծ մասի դատական համակարգը (Մեդվեդև, 2008):
Անկողմնակալ, արդար, արդյունավետ դատարանը բոլորին է պետք՝ մեր երկրի քաղաքացիներին, ցանկացած կազմակերպության, յուրաքանչյուր մարդու (Մեդվեդև, 2011):
Կարևոր է երաշխավորել բիզնեսի և բոլոր քաղաքացիների արդար և անկողմնակալ դատական պաշտպանության իրավունքը (Պուտին, 2016):


Աջակցություն ձեռներեցներին
Գլոբալ մրցունակության հասնելը անհնար է առանց մրցակցային միջավայրի ձևավորման բուն Ռուսաստանում: Մենք դա հիանալի հասկանում ենք և ստեղծում ենք բոլոր անհրաժեշտ պայմանները ձեռներեցության զարգացման համար (Պուտին, 2006):
Ակտիվ, մրցակցային պայմաններում աշխատող ձեռներեցների դասը, որ զարգացած երկրներում տնտեսական հաջողության հիմքն է, ահա ինչ է մեզ այսօր ծայրահեղ անհրաժեշտ: Մոդեռնացման հենց այդպիսի հաջողություն ենք մենք ուզում գործնականում տեսնել մի քանի տարի անց (Մեդվեդև, 2009):
Իմ ընտրությունը քաղաքականությունն է, որ ապահովում է առավելագույն հնարավորություններ միլիոնավոր քաղաքացիների տնտեսական ակտիվության համար՝ քաղաքացիների, որ պաշտպանված են օրենքով, պետական իշխանության ամբողջ հզորությամբ (Մեդվեդև, 2011):
Առանց ազնիվ ներքին մրցակցության, առանց օրենքի գերակայության, առանց ճշմարտության և արդարության բիզնեսի ու պետության հարաբերություններում հնարավոր չէ դառնալ իսկապես մրցունակ միջազգային ասպարեզում (Պուտին, 2012):
Վստահ եմ, որ պետության զարգացումը հնարավոր է միայն մասնավոր սեփականության, տնտեսական ազատությունների և ձեռներեցների աշխատանքի ու հաջողության նկատմամբ հասարակական հարգանքի պայմաններում (Պուտին, 2013):
Հարմարավետ գործարար միջավայրը կարևորագույն պայմանն է ոչհումքային փոքր ու միջին ձեռներեցության շերտի ձևավորման համար (Պուտին, 2015):


Ժողովրդավարությունը և քաղաքական մրցակցությունը
Ցանկացած ճգնաժամ չպետք է կասկածի տակ դնի ազատության ինքնարժեքը և ժամանակակից մարդկության ժողովրդավարական, մշակութային և տնտեսական արժեքների պահանջը, արժեքներ, որ ծնվել են շատ դժվար պայքարում, որ մենք բոլորս նվաճել ենք հարյուրամյակներում (Մեդվեդև, 2009):
Ես ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր արձագանքել են նոր օրակարգին, ռուսական տնտեսության բարեփոխման գաղափարներին, ուրեմն և ռուսական հասարակության բարեփոխմանը, որովհետև հնարավոր չէ, որ տնտեսությունը փոխվի, իսկ քաղաքական կառուցվածքը մնա բացարձակապես անհաղորդ (Մեդվեդև, 2010):
Եթե ամեն ինչ սկսի աշխատել կամ շարժվել Կրեմլի ազդանշանով, իսկ մենք դա անցել ենք, ես դա ինքս սեփական փորձով գիտեմ, ուրեմն համակարգը կենսունակ չէ, նրան պետք է կոնկրետ մարդուն հարմարեցնել: Դա վատ է, նշանակում է՝ համակարգը պետք է փոխվի (Մեդվեդև, 2011):
Մրցակցությունը քաղաքականության և տնտեսության մեջ զարգացման գլխավոր շարժիչն է (Պուտին, 2012):
BBC


Հ.Գ. Եթե BBC-ն քաղաքական կոռեկտության նկատառումներով չի բարձրացրել՝ ինչո՞ւ տարեցտարի ՌԴ նախագահների ելութներում կրկնվում են նույն խնդիրները և չեն լուծվում՝ հակառակ նույնիսկ այն փաստի, որ երկրում նրանք ունեն բացարձակ իշխանություն և որևէ դիմադրություն չկա, չի նշանակում, որ այդ հարցը պատասխան չունի: ՈՒնի և ունի ակնհայտ պատասխան՝ եթե բոլոր անհրաժեշտ համարված բարեփոխումները, հատկապես տնտեսության հեռացումը հանքահումքային կառուցվածքից ու հասարակության բարեփոխումը երբևէ դառնան իրականություն, նույն օրը փոխված է լինելու քաղաքական համակարգը: Դեռ յոթ տարի առաջ՝ 2010-ին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն է ասել՝ «Հնարավոր չէ, որ տնտեսությունը փոխվի, իսկ քաղաքական կառուցվածքը մնա բացարձակապես անհաղորդ»: Իսկ մեկ տարի անց՝ 2011-ին ավելի առաջ է գնացել. «Եթե ամեն ինչ սկսի աշխատել կամ շարժվել Կրեմլի ազդանշանով, իսկ մենք դա անցել ենք, ես դա ինքս սեփական փորձով գիտեմ, ուրեմն համակարգը կենսունակ չէ, նրան պետք է կոնկրետ մարդուն հարմարեցնել: Դա վատ է, նշանակում է՝ համակարգը պետք է փոխվի»: Այսինքն՝ առաջիկա մեկ տասնամյակն էլ BBC-ն կարող է ելույթները համադրել և ոչ մի փոփոխություն չարձանագրել: Իսկ բոլոր այս դրույթները, իբրև անկասկած արժանի հավելում իրենց ելույթներին, կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության ներկա ու ապագա ղեկավարները և հատկապես սկսնակ քաղաքական գործիչները, որ կարևորում են կայունությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ